Ինչպե՞ս է ապահովվելու քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը նոր կենսաչափական անձնագրերի համակարգում. Միգրացիայի ծառայության պետը պարզաբանում է

06.11.2026, 14:01
Մասնավոր գործընկերն իրականացնում է գործընթացի միայն տեխնիկական մասը
Ինչպե՞ս է ապահովվելու քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը նոր կենսաչափական անձնագրերի համակարգում. Միգրացիայի ծառայության պետը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե ինչպես է ապահովվելու քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը նոր կենսաչափական անձնագրերի համակարգում:

«Տվյալների պաշտպանությունը լիարժեքորեն գտնվում է պետության տիրույթում: Տվյալների կենտրոնը տեղակայված է կառավարական սեկտորներում։ Դրանց տնօրինողը Ներքին գործերի նախարարությունն է», - հայտնել է Դավթյանը` պատասխանելով «Նովոստի-Արմենիա»-ի հարցին «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓաս» սպասարկման կենտրոնում շրջայցի ընթացքում։

Նա ընդգծել է, որ մասնավոր գործընկերն իրականացնում է գործընթացի միայն տեխնիկական մասը՝ հավաքագրում է քաղաքացիների կենսաչափական տվյալները և անմիջապես փոխանցում պետական տվյալների կենտրոն։

Դավթյանի խոսքով` փաստաթղթի տպագրությունն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաստատում է յուրաքանչյուր առանձին դիմումի տպագրություն:

Նշենք, որ նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացն իրականացնում է «ՀայՓաս» մասնավոր ընկերությունը:

2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։

Կարդացեք նաև․ Նոր կենսաչափական անձնագրեր Հայաստանում՝ նոյեմբերի 1-ից․ գներ, դիմելու կարգ և կարևոր փոփոխություններ (ՈՒՂԵՑՈՒՅՑ)