Կենսաչափական անձնագիր՝ երեխաների համար․ ՆԳՆ-ն ներկայացրել է նախագրանցման առանձնահատկությունները
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Անչափահասների կենսաչափական անձնագիր ստանալու նախագրանցումն իրականացվում է ծնողի կողմից, ընդ որում՝ գործընթացը կախված է նրանից, թե արդյոք ծնողական կապն արտացոլված է բնակչության պետական ռեգիստրում։
Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓաս» սպասարկման կենտրոն կատարած շրջայցի ընթացքում։
Նրա խոսքով՝ ծնողական կապը կարող է արտացոլված չլինել այն դեպքում, երբ երեխայի ծննդյան վկայականը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում թվայնացված չէ։
«Եթե բնակչության պետական ռեգիստրը չի արտացոլում ծնողական կապը, օգտատիրոջ էկրանին երևում է համապատասխան հաղորդագրություն, որը խնդրում է անցնել հղումով։ Հղումով անցնել նշանակում է դիմել երեխայի ծննդյան վկայականը թվայնացնելու համար», - նշել է ՄՔԾ պետը։
Առանձին իրավիճակ է Հայաստանից դուրս ծնված երեխաների դեպքում, երբ նրանց ծննդյան վկայականը ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տրամադրության տակ չէ։
Նրա խոսքով` մի փոքր ավելի բարդացված իրավիճակ է, երբ երեխան ծնվել է Հայաստանից դուրս և մեր քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը չունի այդ ծննդյան վկայականը։
«Մենք շատ շուտով կունենանք նաև երկրորդ ճյուղավորումը, և անձը հնարավորություն կունենա ընտրելու՝ «երեխաս ծնվել է Հայաստանից դուրս» տարբերակը», - նշել է Դավթյանը։
Նա նաև ընդգծել է, որ ծնողական կապի հաստատման և փաստաթղթերի թվայնացման գործընթացn անձնագրավորման գործընթացից դուրս է գտնվում։ Քաղաքացիները կարող են այն իրականացնել նաև թղթային կամ ֆիզիկական եղանակով, ապա նոր անցնել նախագրանցման գործընթացին։
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։

