ՌՈւԵ-ն աջակցում է շքեղության հարկի ներդրման մասին Պուտինի առաջարկին

31.01.2012, 17:34
ՌՈւԵ-ն աջակցում է շքեղության հարկի ներդրման մասին Պուտինի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցում է շքեղ սպառման հետ կապված մի շարք ուղղություններով լրացուցիչ հարկի ներդրման մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկին, հաղորդում է երքեշաբթի Մոսկվայի Պատրիարքարանի կայքը:

ՌԴ վարչապետի հոդվածը, որտեղ նա առաջարկում է շքեղ սպառման լրացուցիչ հարկ ներդնել, հրապարակվել է երկուշաբթի «Վեդոմոստի» թերթում:

«Այսպես կոչված՝ շքեղության հարկի հետ կապված որևէ միջոցի ներդրումն արդար որոշում կլիներ, որին հասարակությունում վաղուց են սպասում», - կարծում է ՌՈւԵ-ի սինոդի տեղեկատվական բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ «լյուքս դասի» ապրանքները նրանց սեփականատերերի եկամուտների բարձր մակարդակի ցուցանիշներ են և միաժամանակ առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն:

«Բնական է, որ ակնհայտ բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները պետք է վճարեն ավելի բարձր հարկեր: Հարկման պրոգրեսիվ համակարգը լուրջ բանավեճերի արժանի թեմա է» - համոզված է ՌՈւԵ-ի ներկայացուցիչը:

Լեգոյդայի կարծիքով՝ այդ բանավեճի շրջանակներում պետք է հստակ նշվեն թանկարժեք ապրանքների կատեգորիայի որոշման չափորոշիչները, որոնց համար պետք է լրացուցիչ հարկ գանձվի:

«Նման որոշումը չպետք է զուտ պոպուլիստական միջոց դառնա, ինչպես նաև չպետք է դիպչի միջին եկամուտ ունեցող քաղաքացիների շահերին: Դա պետք է լինի հասարակությունում նյութական բարիքների իսկապես արդար վերաբաշխմանն ուղղված քայլ», - ընդգծել է Լեգոյդան:-0-