Մերձավոր Արևելքում ապակայունացումը չի կարող ազդել Հարավային Կովկասի վրա. ՌԴ ԱԳՆ

30.03.2011, 12:09
Մերձավոր Արևելքում ապակայունացումը չի կարող ազդել Հարավային Կովկասի վրա. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Հարավային Կովկասի վրա Մերձավոր Արևելքի ապակայունացման ազդեցության վտանգ չկա, նախօրեին «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Կովկասի  դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

«Ես կասեի, որ Կովկասը փոքր-ինչ այլ աշխարհ է. այն հիմնված է կյանքի այլ սկզբունքների վրա: Ամեն դեպքում Անդրկովկասի, Հարավային Կովկասի բոլոր երկրներում բավականին հասուն ժողովրդավարություն կա, և չկա չփոխվող ղեկավարություն, ինչպիսին Մերձավոր Արևելքում էր», - ասել է Կելինը:

Նա նաև նշել է, որ ամեն տեղ հնարավոր են ֆլեշմոբերի հավաքներ և անկայունության հետագա տարածում:

Սակայն ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, այդ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, առավել ևս Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, իշխանությունները բավականին լրջորեն վերահսկում են իրավիճակը, ուժային կառույցները բավականին հուսալի են:

«Ինձ թվում է, որ նման մտավախություն, որևէ անմիջական կապ այստեղ չի նկատվում: Եթե դիտարկենք երկրներն առանձին-առանձին, ապա դրանք բավականին պաշտպանված են արտաքին գործոններից», - ասել է Կելինը:

Նրա կարծիքով՝ միակ սպառնալիքը կարող է դառնալ հարվածների դեպքում Իրանից Բաքու ադրբեջանցիների հոսքը: Նա նշել է, որ տարբեր գնահատականների համաձայն՝ այնտեղ բնակվում է 22-29 մլն ադրբեջանցի:-0-