Նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ Հայաստանի և Բելառուսի, կեղծում են սեփական պատմությունը. ԶԼՄ

04.02.2010, 19:45
Նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ Հայաստանի և Բելառուսի, կեղծում են սեփական պատմությունը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ Հայաստանի և Բելառուսի, կեղծում են իրենց պատմությունը, հայտնում է «Նովի ռեգիոն 2» ինտերնետ-հրատարակությունը՝ հղում անելով գիտնականների հետազոտությունների արդյունքներին:

Հաղորդագրության համաձայն՝ գիտնականները վերլուծել են նախկին խորհրդային միության 12 երկրների պատմության 187 դասագիրք և ցնցված են անցյալի դեպքերի խեղաթյուրման մասշտաբներից:

Հետազոտության հեղինակները փաստել են, որ բացառությամբ Բելառուսի և Հայաստանի, մնացած բոլոր երկրներում աճող սերնդին պատմության ազգայնական մեկնաբանություն են տալիս:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շատ հաճախ դասագրքերի հեղինակները, արհամարհելով պատմական փաստերն ու նախընտրելով լեգենդները, փորձում են իրենց ժողովրդին որքան հնարավոր է հինավուրց, մշակութային առաքելությամբ օժտված ներկայացնել՝ երբեմն հասնելով անհեթեթության:

Այսպես, ադրբեջանցիների նախնիները, պարզվում է, շումերների ժամանակակիցներն են, իսկ «Ադրբեջանի հնությունը» թույլ է տալիս հայտարարել, որ «Ժամանակակից Հայաստանը ի հայտ է եկել հինավուրց Արևմտյան Ադրբեջանի տարածքում»:

Նախկին խորհրդային հանրապետությունների դասագրքերի ևս մեկ բնորոշ գիծը «ոխերիմ թշնամու» կերպարն է:

Այս առումով ևս բացառություն են կազմում միայն Բելառուսի և Հայաստանի դասագրքերը: Այլ երկրների հեղինակները Ռուսաստանի կազմում ընդգրկվելը գրեթե միշտ բացասական են գնահատում, շեշտը դրվում է անկախության կորստի վրա, իսկ դրական պահերը ազգային պատմաբանները գերադասում են չհիշատակել: -0-