Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ տեղյակ է եղել Մեդվեդևին Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու ծրագրերի մասին և աջակցել է դրանց

11.12.2007, 15:49
Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ տեղյակ է եղել Մեդվեդևին Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու ծրագրերի մասին և աջակցել է դրանց

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, որին մի շարք քաղաքագետներ համարում էին նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի իրավահաջորդը, հայտարարել է, որ աջակցում է Դմիտրի Մեդվեդևի առաջադրմանը նախագահի պաշտոնում։

«Ես նախօրոք գիտեի այդ որոշման մասին, որը հայտարարվեց, և ես այդ որոշմանն աջակցել և աջակցում եմ»,-«ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ ասել է Իվանովը լրագրողներին։

«Եդինայա Ռոսիան», «Սպրավեդլիվայա Ռոսիան», Ագրարային կուսակցությունը և «Գրաժդանսկայա սիլան» երկուշաբթի ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նախագահի պաշտոնում առաջարկել են առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը։

Սերգեյ Իվանովը համոզված է, որ Մեդվեդևի՝ նախագահ ընտրվելու դեպքում «երկիրը հետագայում ևս կզարգանա հանգիստ, առանց ընդհատումների և ցնցումների»։ Նա ասել է, որ գրեթե ութ տարի ճանաչում է Մեդվեդևին և նշել է նրա բարձր գործնական և անձնական հատկանիշները, ինչպես նաև «կուլտուրայի բարձր մակարդակը»։–0--