Դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատրաստակամություն է հայտնել՝ միջնորդ հանդիսանալ Վրաստանի ընդդիմության և Միխայիլ Սահակաշվիլու միջև, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Երկու կողմերը պետք է միմյանց ընդառաջ գնան։ Այսօր իրավիճակը բավականին վատն է։ Ես երբեք այդքան մարդ չէի տեսել Թբիլիսիի փողոցներում։ Եթե կողմերի միջև ուղիղ երկխոսությունը հնարավոր չէ, ապա կարելի է ներգրավել մարդկանց, ում երկուսն էլ վստահում են», - հայտարարել է Կիկաբիձեն «Ռուստավի-2» հեռուստատեսության եթերում։
Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք պատրաստ է դերասանը միանալ իրավիճակի կարգավորմանը, Կիկաբիձեն հայտարարել է. «Եթե ընդդիմությունն ու իշխանությունը համարեն, որ ես կարող եմ միանալ երկխոսության գործընթացին, ապա ես հաճույքով կանեմ դա»։
Նրա խոսքերով, եթե չսկսվի երխոսությունը, «ապա կարող է սկսվել այնպիսի սադրանք, որ հետագա իրադարձությունների ընթացքը չեն կարողանա վերահսկել ոչ ընդդիմությունը, ոչ մեծամասնությունը»։
Մեկնաբանելով ընդդիմության գործողությունները՝ երգիչը դժգոհություն է արտահայտել հանրահավաքի ժամանակ ճարտասանների կողմից անպարկեշտ բառապաշարի օգտագործման առնչությամբ։
«Ակցիային եկել էր վիրավորված, դժբախտ ժողովուրդը։ Դա հասկանալի է բոլորի համար։ Մենք այնպիսի ժողովուրդ ենք, որը ցանկանում է ամեն ինչ արագ անել։ Սակայն երկիրը այդպես չի կառուցվում», - ասել է Կիկաբիձեն՝ բոլորին կոչ անելով լինել զուսպ և հիշեցնելով Վրաստանի շուրջ տիրող բարդ արտաքին քաղաքական իրավիճակի մասին։--0—