ՍԱՏՄ․ խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար

25.04.2025, 14:31
Ապրիլի 27–ից կաթնամթերքի դասավորվածությունը խանութներում պետք է փոխվի
ՍԱՏՄ․ խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար պատասխանատվության խստացման մասին։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների՝

  • 2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք «Կաթնամթերք» ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի՝

• կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի՝ առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրելը,

• «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» նշումը ընթեռնելի և տեսանելի վայրում փակցնելը: 

  • 2025 թվականի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի (5-րդ ձև, տեղեկատվական թերթիկ) առկայությունը սպառողին տեսանելի վայրում։