Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։
«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է», – նշել է Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նաև նշել է, որ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։