Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում

29.03.2017, 16:33
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մամուլի ակումբի իրականացրած դիտարկումը թույլ է տվել որոշել այն քաղաքական կուսակցությունները և դաշինքները, որոնց նախընտրական քարոզարշավներն առավել ակտիվ են լուսաբանվել հայկական հեռուստատեսություններով:

Դիտարկման արդյունքներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջատար է եթերում տրամադրված ժամանակի և հայկական հեռուստատեսությունում հիշատակումների հաճախականության առումով: Այդպես, ՀՀԿ-ին տրամադրվել է 48 հազար 298 վայրկյան եթերային ժամանակ, որոնց ընթացքում այն հիշատակվել է 288 անգամ: Եկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը` 42 հազար 715 վայրկյան և 224 հիշատակում, իսկ եռյակը եզրափակում է «Կոնգրես-ՀԺԿ»-ն` 32 հազար 280 վայրկյան և 216 հիշատակում:

Միաժամանակ, «Ծառուկյան» դաշինքն առաջին տեղում է դրական հիշատակումների թվով` 29 (բացասական հիշատակումներ` 5, մնացածը` չեզոք), իսկ ՀՀԿ–ն, հակառակը, առաջատար է բացասական հիշատակումների թվով` 29 (դրական` 19)։

Քաղաքական ինը կուսակցությունների և դաշինքների թվում ամենավերջին տեղը զբաղեցնում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 21 հազար 597 վայրկյան և 173 հիշատակում։

Դիտարկումն ընդգրկել է հայկական հինգ հեռուստաալիք` Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Շանթ» և «Արմենիա TV» մարտի 5–ից 24–ը։

Ընտրարշավի լուսաբանկան ինտենսիվությամբ հեռուստաալիքներից առաջատար են «Կենտրոնը» և «Երկիր մեդիան»։

Ինչպես նշվում է դիտարկման հաշվետվությունում, նախընտրական քարոզարշավի 20 օրվա ընթացքում ուսումնասիրված հինգ ալիքների եթերում գրանցվել է էթիկայի նորմերի 23 խախտում արտահայտությունների կամ տեսադրվագների մակարդակով։ Տվյալ խախտումների հիմնական մասը գրանցվել է երեք ալիքներում` ՀՀՀ – 8, «Կենտրոն» և «Երկիր մեդիա»` 7։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի ապրիլի 2–ին։ -0-