Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ

02.10.2026, 10:55
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելու և 6 մլն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջով։

Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Հայցում նշվում է, որ Ղազարյանը 2026 թ.-ի սեպտեմբերի 27-ին տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանի վերաբերյալ տարածել է հետևյալ տեղեկությունը. «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքումը և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակային հերքել այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ դրանք «ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Հայցի համաձայն՝ հերքումը պետք է իրականացվի NEWS.am լրատվական ընկերության միջոցով՝ ուղիղ եթերով տեսաձայնագրման եղանակով։

Ըստ հայցի` պահանջվում է նաև Էդգար Ղազարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցում։

Հայցում նշվում է, որ հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևէ երրորդ անձի այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է ներառի բացառապես հերքման տեքստը։