Մոսկվայի մրրիկը Հայաստանին էլ էր սպառնում. Սուրենյան

31.05.2017, 18:15
Մոսկվայի մրրիկը կարող էր կրկնվել նաև Հայաստանում ավելի մեծ հզորությամբ:
Մոսկվայի մրրիկը Հայաստանին էլ էր սպառնում. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մրրիկը կարող էր կրկնվել նաև Հայաստանում ավելի մեծ հզորությամբ, եթե ցիկլոնն Ուրալով և Արևմտյան Սիբիրով չշարժվեր, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ուժեղ մրրիկը, որ երկուշաբթի անցել էր Մոսկվայով, լուրջ վնաս էր հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով, բնության տարերքի զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 108-ը հոսպիտալացվել է:

Загружается новость ... "Право"

Քանի որ Հայաստանի բնակիչները Մոսկվայի և Մոսկվայի մարզի եղանակային փոփոխությունները հաճախ կապում են Երևանի եղանակային փոփոխությունների հետ, Սուրենյանը որոշ պարզաբանումներ տվեց։ Նրա խոսքով, Մոսկվայի մրրիկի պատճառը մթնոլորտային ճակատն էր, որ ձևավորվել էր -5 աստիճան ցուրտ արկտիկական օդային հոսանքների և Միջերկրածովյան +20 աստիճան տաք օդային հոսանքների բախման արդյունքում:

«Ջերմաստիճանների տարբերությունը կազմել է շուրջ 25 աստիճան, ինչն էլ հանգեցրել է անձրևային ամպերի գոյացմանը, որոնց հաստությունը կազմել է 12 կմ»,-ասել է նա:

Նա նաև ներկայացրեց Հայաստանում այդ օրվա եղանակային իրավիճակը:

Загружается новость ... "Лево"

«Այդ օրը Արարատյան դաշտավայրում եղել է +28-29 աստիճան: Եթե օդային հոսանքները բախվեին, ապա այն ինչ կատարվեց Մոսկվայում, կարող էր մեծ հզորությամբ կրկնվել նաև մեր մոտ»,- պարզաբանել է Սուրենյանը և հավելել, որ Հայաստանի բնակիչներն անհանգստանալու հիմք չունեն:

Օդերևութաբանի կանխատեսմամբ, հունիսի 1-3-ը ցերեկային ժամերին սպասվում է կայուն արևային եղանակ, իսկ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Շիրակի, Լոռվա և Տավուշի մարզերում մեծ է կարկուտի հավանականությունը:

Այդուհանդերձ, ինչպես նշեց Սուրենյանը, կանխատեսվող տեղումների քանակը չի գերազանցի նորման: -0-