Մեր փոքրիկ Մոնթեան կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով. Ռևազյանը՝ Կարեն Վարդանյանի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ևս իր ցավակցությունն է հայտնել ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընտանիքին:
«Թանկագին Կարեն, ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցութհյունը: Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել:
Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները : Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:
Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով: Paruyr և ես անհամբերությամ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:
Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին և մեր երկրին»,- գրել է Ռևազյանն իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կարեն Վարդանյանը զբաղեցնում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի պաշտոնը 2007թ-ից: Նա ՏՏ ոլորտի առաջատար գործիչներից էր Հայաստանում: Ռազմավարական կառավարման և առաջնորդության նրա հմտությունների շնորհիվ UATE-ն երկար տարիների ընթացքում ցուցաբերում էր կայուն աճ և կյանքի կոչում նորարար նախագծեր Հայաստանում: -0-