Մարտունի քաղաքի սեփական տներից մեկի բակում արջի քոթոթ է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտունի քաղաքում հայտնաբերված արջի քոթոթը տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։
Ինչպես հայտնում են կենտրոնից, փրկարար կենտրոնի մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) գործընկերներից ահազանգ էին ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկի բակում գտնվող արջի քոթոթի մասին։
«Մեր մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։ Ըստ հայնաբեողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և ահազանգել ԲԸՏՄ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տեղում իրականացված նախնական զննության համաձայն՝ այս տարի ծնված էգ քոթոթը բավականին ակտիվ է, դրսևորում է վայրի բնավորություն և մարդկանց նկատմամբ առողջ, վայրի վերաբերմունք։ Կենդանու առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Փոքրիկն արդեն տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։
«Մեր մասնագետների շուրջօրյա հսկողությամբ և բնությանը մաքսիմալ մոտեցված պայմաններում իրականացվելու է նրա խնամքը՝ հետագայում վայրի բնություն անվտանգ վերադարձնելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

