Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, գրեթե 106 մլրդ դրամ և այլ գույք
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Մուլտի Գրուպ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել գույքեր և դրամական միջոցներ։
Ինչպես հայտնել է Գլխավոր դատախազությունը, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայցապահանջում ներառվել են՝
-75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
-10 գույքի շուկայական արժեք:
-42 տրանսպորտային միջոց:
-38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
Նշվում է, որ հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը։
Ծառուկյանի քրեական հետապնդման մասին
Ծառուկյանը սույն թվականի հուլիսի 7-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ։ Նա ներգրավված է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով քրեական վարույթներում (գործը վերաբերում է Իրանից գործարարներին - խմբ.), ապօրինի որսի գործով, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու մեղադրանքով։

