Լիազորված եմ Բյուրեղավանի բնակիչների անունից «Վեոլա Ջուր»–ի հետ վարելու բանակցություններ․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղիքային վարակների մասին
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook-յան տեսանյութում ներկայացրել է Բյուրեղավան համայնքում խմելու ջրի փորձաքննության արդյունքները։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին, ինչի հետևանքով կային հոսպիտալացված քաղաքացիներ։ Ավելի ուշ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ խմելու ջրի կրկնակի վերցված երկու նմուշում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
«Փորձաքննության արդյունքներով հայտնի են մանրէաբանական ցուցանիշները։ Հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ՝ իկոլի և էնտերակոկ։ Կոլիֆորմ մանրէները վկայում են ջրային համակարգի ընդհանուր աղտոտվածության մասին, իսկ իկոլին և էնտերակոկը արդեն շատ ավելի լուրջ աղիքային վարակիչ հիվանդությունների հիմք կարող են հանդիսանալ, իսկ խոցելի խմբերի համար՝ անգամ ավելի երկարաժամկետ հետևանքներ առաջացնել։ Սա նշանակում է նաև, որ խմելու ջրին խառնվել են կոյուղաջրերը, և դրա համար էլ առաջացել են այն հետևանքները, որոնց պատճառով մարդիկ հոսպիտալացվել էին»,– նշել է Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ հարցում էր կատարել Հիվանդությունների և վարակների կանխարգելման ազգային պետական մարմին՝ ստանալու նրանց տվյալները։ Ըստ ստացված պատասխանի՝ Արզնի և Նուռնուս համայնքներում ևս հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։
«Ընդ որում ասեմ, որ տարբեր օրեր են փորձաքննությունները կատարվել, հետևաբար չեք կարող ասել, որ 1 օր է և այլն։ Ես լիազորված եմ Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից «Վեոլա Ջուր» ընկերության հետ վարելու բանակցություններ, որպեսզի հասկանամ, թե ինչպես են իրենք հասցեագրելու այս խնդիրը` սկսած նրանից, որ այս մարդիկ ջրի վարձ չպետք է մուծեն, վերջացրած նրանից, որ իրենք բարոյական տառապանքներ են կրել, առողջության համար իրենց գումարներ են տվել և խմելու ջուր են գնում ամեն օր։ Իրենց միակ մեղքը այն է, որ ջուր են խմել», - ասել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով խմբային հայցին` նա նշել է, որ մի շարք այլ բնակավայրերում և հասցեներում՝ Ավանեսովի փողոցում, Արցախի փողոցի տարբեր հատվածներում, Նոր Խարբերդի և Այնթափի բազմաթիվ հասցեներում, արձանագրվել են ջրի կոշտության և ընդհանուր հանքայնացման նորման գերազանցող ցուցանիշներ՝ 10, 11 և նույնիսկ ավելի բարձր արժեքներով։ Ըստ Հովհաննիսյանի` հենց այսպիսի շեղումներն են հաճախ պատճառ դառնում ջրի՝ մետաղական, կավիճի կամ կրի համի, նստվածքների և այլ տհաճ հատկանիշների։
«Հաջորդ փուլում պետք է պարզվի, թե հատկապես որ նյութերն են պայմանավորում այդ բարձր ցուցանիշները՝ կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մանգանը, թե այլ տարրեր։ Այս բոլոր արդյունքները հակասում են Առողջապահության նախարարության սահմանած նորմատիվային ցուցանիշներին և դրվելու են մեր նախապատրաստվող խմբային հայցի հիմքում։ Եվ սա դեռ ամբողջ պատկերը չէ», - նշել է նա։
Նոր Արեշում, Էրեբունու տարբեր հասցեներում, Ազատամարտիկների փողոցում, Նորագավիթում, ինչպես նաև այլ հասցեներում նույնպես արձանագրվել են տարբեր շեղումներ, որոնց վերաբերյալ ևս շարունակվում է տվյալների հավաքագրումն ու գնահատումը։
Բացի այդ, Նոր Խարբերդի և Այնթափի որոշ հասցեներում հայտնաբերվել են նաև կոլիֆորմ մանրէներ, իսկ Արգավանդ, Փարաքար, Արբաթ, Հայանիստ, Նորաբաց և մյուս բազում համայնքներում արված նմուշառումները դեռ ընթացքի մեջ են։
«Նովոստի–Արմենիա»–ն դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերություն՝ մեկնաբանություն ստանալու համար։

