Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ. Թորոսյանն անդրադարձել է գրիպի հետ կապված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook–յան էջում անդրադարձել է երկրում խոզի գրիպի տարածված լինելուն։
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը... Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ։ Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով»,– գրել է Թորոսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը և նշել, որ տեղեկատվությունը տրամարդվել է «Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայության» կողմից։
Վերջում նախարարը հորդորել է հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին։ –0–