«Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ է սխալ արել կառավարությունը»․ Փաշինյանը կորոնավիրուսի թվերի աճի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այս մասին հինգշաբթի պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն երկու օր է գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պատասխանը պարզ և միանշանակ է հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանում»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ մտահոգիչն այն է, որ ատելության խոսք է տարածվում կանոնները չպահպանող քաղաքացիների հանդեպ, սակայն ըստ նրա՝ պատմությունը բոլորին է վերաբերվում, հետևաբար պետք է հիշել, որ մարդկանց դատապարտելու փոխարեն պետք է իրավիճակը խորը հասկանալ:
Նրա խոսքով` երբ տեսնում է «Վերջին զանգ» արած տնօրենի` ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչ է սխալ արել կառավարությունը։
Նա հույս հայտեց, որ այս իրավիճակը, որքան էլ, որ մարդկային կյանքի գնով է առաջ գնում, ամեն դեպքում հետագայում մարդկանց մեջ զգոնություն կմտցնի:
Փաշինյանը հայտնեց` ինքն ու ընտանիքի անդամներն անցել են մանրամասն բժշկական հետազոտություն և իրենց մոտ վիրուսն անցնում է լիարժեք անախտանիշ պայմաններում։ Նա նաև նշեց` թեև կա հավանականություն, որ իրենց վիճակը կարող է վատանալ, սակայն այդ հավանականությունը շատ փոքր է։-0-