Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. Սուրենյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

01.10.2026, 11:03
Գագիկ Սուրենյանը ներկայացրել է հոկտեմբերին ՀՀ-ում սպասվող եղանակային կանխատեսումը. ՎԻԴԵՈ
Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. Սուրենյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը` նորմայից ավելի, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Սա նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։ Տեղումնառատ հոկտեմբեր ասելով՝ պետք չէ հասկանալ, որ ամսվա բոլոր օրերին դիտվելու է անձրև․ բնականաբար, կունենանք նաև արևառատ օրեր», - ասաց Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։

Նրա խոսքով` հոկտեմբերի 1-3 Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հատկապես հետկեսօրա ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

«Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ», - նշեց Սուրենյանը։

Նա հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում կնվազի ևս 4-5 աստիճանով։