ՀՀ–ում կներդրվի անկանխիկ առևտրի հետվճարի համակարգ

27.11.2025, 21:10
Ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով: Այսինքն՝ դիմում գրելու և այլ գործողություններ անելու անհրաժեշտություն չի լինի
ՀՀ–ում կներդրվի անկանխիկ առևտրի հետվճարի համակարգ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել քաղաքացիների անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրմանը: 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը արդեն շրջանառվել է:  

«Երևի 1-2 շաբաթ հետո՝ ամենաուշը, Կառավարության նիստում այդ հարցը կհաստատենք, որպեսզի հունվարի 1-ից մեկնարկենք»,- ասել է նախարարը: 

Թեմայի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով: Այսինքն՝ դիմում գրելու և այլ գործողություններ անելու անհրաժեշտություն չի լինի»: 

Արձագանքելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ դեպքում կենսաթոշակառուների համար, հաշվի առնելով այսօրվա որոշումը, այն կդառնա 22 տոկոս: 

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում է կայացրել, որ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։