ՀՀ ԱՆ. Երևանում ՊՊԾ գնդի զավթման ժամանակ բոլոր տուժածների բուժօգնությունը երաշխավորված է

25.07.2016, 20:02
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Երևանում պարեկապահակային գնդի զավթման հետևանքով բոլոր վիրավորներին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում։
ՀՀ ԱՆ. Երևանում ՊՊԾ գնդի զավթման ժամանակ բոլոր տուժածների բուժօգնությունը երաշխավորված է
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Երևանում պարեկապահակային գնդի զավթման հետևանքով բոլոր վիրավորներին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում։ 

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։


Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։

Առողջապահության մամուլի ծառայությունից նշեցին, որ տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

«Ստեղծված իրավիճակից ելնելով` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» 6-8 մեքենա դեպքի վայրում և դրա հարակից տարածքում առ այսօր հերթապահություն է իրականացնում անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով»,– ընդգծեցին գերատեսչությունից։

Առողջապահության նախարարությունում ընդգծեցին, որ տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը և թե՛ հավաքների մասնակիցներին։

«Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից»,– ասվում է հաղորդման մեջ։

Առողջապահության նախարարությունը խնդրում է զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով և պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց և ավելորդ լարվածություն չստեղծել։ -0-