ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել․ ՊՆ–ն հերքում է շրջանառվող կեղծ տեղեկությունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ ներկայացնելով տեսանյութ։
«Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք», – նշել է Թորոսյանն՝ ընդգծելով, որ այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը։
Թորոսյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1–ը 100000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ։
ՊՆ մամուլի քարտուղարը տեսանյութում ցուցադրում է այդ քարտեզը՝ նշելով, որ այն հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։
«Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը չունի իրավական հիմք և ունի շեղումներ և կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել և շարունակվում են արդեն օրեր շարունակ», – նշել է Թորոսյանը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
«Չնայած տարակուսելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, հնչում են մտահոգություններ այն մասին, որ նշված դիրքը կարող է, այսպես ասած, վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի և Կուտ բնակավայրի և հարակից տարածքների վրա։ Նախ նշենք, որ նշված դիրքից Սոթքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կմ է, իսկ դեպի Կուտ բնակավայր ընկած հեռավորությունը` 6.4 կմ։ Ավելին, Կուտ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է լեռ, կատարը` 3008.5 մ բարձրությամբ», – նշել է Թորոսյանը։
Նա հորդորել է հետևել բացառապես մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը և տուրք չտալ այն ապատեղեկատվությանը, որը հիմնված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների և ոչ պրոֆեսիոնալ տեսակետների վրա։

