ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է կապարակնքվել Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի տաղավարների մի մասը

23.07.2026, 19:05
Հինգշաբթի  «Առինջ մոլ»-ի տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ կապարակնքված տաղավարների պատճառով առաջացած պարապուրդի
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է կապարակնքվել Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի տաղավարների մի մասը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով նշանակված համալիր փորձաքննության արդյունքների մասին, որի շրջանակում ուսումնասիրվում է Աբովյան համայնքի Առինջ գյուղում 3,5 հա մակերեսով հողամասի օտարման օրինականությունը։

Համալիր փորձաքննությունը նշանակվել էր 2025 թ.-ի հունիսի 5-ին, իսկ դրա եզրակացությունը ստացվել է 2026 թ.-ի հունիսի 10-ին։

Փորձագետի եզրահանգումների համաձայն՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ։ Բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում:

Փորձաքննությունը ցույց է տվել նաև, որ տվյալ հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու այդ պահին գործող Հայաստանի Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները։

Բացի այդ, սահմանվել է, որ հողամասում գտնվող ինքնակամ շինությունները գտնվում են կամ կառուցվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտիներում, ինչպես նաև Երևան - Աբովյան երկաթուղային գծի պաշտպանական գոտու սահմաններում։

Քննչական կոմիտեում նշել են, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում, իսկ դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար։

Դրա հետ կապված՝ վարույթն իրականացնող մարմինը, հասարակական անվտանգության ապահովման նպատակով, կապարակնքել է նշված օբյեկտները։

Հինգշաբթի «Առինջ մոլ»-ի տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ կապարակնքված տաղավարների պատճառով առաջացած պարապուրդի։

Կարդացեք նաև. Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել