Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է. Թաթոյան

15.10.2025, 12:59
Իրեն դատարանի, դատախազի, քննիչի ու օպերատիվ աշխատակցի գործառույթներ է վերապահել վարչապետի պաշտոնում և անցել Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իր սցենարի հերթական մասի իրագործմանը, գրել է Թաթոյանը
Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է. Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր հայ հոգևորականների ձերբակալությանը՝ ընդգծելով, որ հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։

Նա նշել է, որ փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։

«Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ փաստաբանին չեն տեղեկացնում»,-գրել է նա։

«Իրեն դատարանի, դատախազի, քննիչի ու օպերատիվ աշխատակցի գործառույթներ է վերապահել վարչապետի պաշտոնում և անցել Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իր սցենարի հերթական մասի իրագործմանը. սկզբում եկեղեցին վարկաբեկող ու պառակտող իշխանության քարոզչությամբ, իսկ հիմա արդեն՝ կոնկրետ գործողություններով»,-գրել է Թաթոյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են։

«Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով»,-նշել է Թաթոյանն իր հայտարարության տեքստում։

Նշենք, որ ԶԼՄ-երը հայտնել են մի շարք հոգևորականների բերման ենթարկելու մասին։

Փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ  հայտնել է բերման ենթարկված հոգևորականների անունները։

«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից հայտնել են հետևյալը.

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշվել է ՔԿ-ի մամուլի քարտուղար՝ Կիմա Ավդալյանի պատասխան հաղորդագրության մեջ։