Բանակի փոխարեն՝ 10 տարի ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում․ ՆԳՆ նոր նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծով առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նրանք սահմանված կարգով ծառայության անցնեն ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում կամ ենթակա պետական մարմիններում ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոններում։
Ըստ նախագծի՝ ազատման համար նրանք պետք է օրենքով սահմանված ժամկետով անընդմեջ ծառայեն այդ մարմիններում, բայց ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը։ Հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է սահմանել 10 տարվա անընդմեջ ծառայության ժամկետ։
Ըստ հիմնավորման` գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների համար առկա է ընդունելության այնպիսի նախապայման, որը սահմանափակում է հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։
Մասնավորապես, ընդունելությանը կարող է մասնակցել միայն 18 տարին լրացած այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ օրենքով նախատեսված բացառություններով։
Արդյունքում, այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին։ Սա սահմանափակում է պետության հնարավորությունը՝ վաղ փուլում բացահայտելու, ներգրավելու և նպատակային կրթություն տրամադրելու ոլորտի նկատմամբ հետաքրքրված, մոտիվացված և համապատասխան ներուժ ունեցող երիտասարդներին։
«Խնդրի էությունն այն է, որ ոստիկանության և փրկարար ծառայության համար մասնագիտական կադրերի ձևավորման գործընթացը չի սկսվում այն փուլում, երբ երիտասարդը կատարում է իր մասնագիտական և կարիերային սկզբնական ընտրությունը։ Այդ ընթացքում մասնագիտական հետաքրքրությունների և կարիերայի նախընտրությունների փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ ոլորտով սկզբնական շրջանում հետաքրքրված երիտասարդը հետագայում ընտրի այլ մասնագիտություն կամ մասնագիտական ուղի», – նշվում է հիմնավորման մեջ։
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ խնդրի ինստիտուցիոնալ լուծման նպատակով առաջարկվում է կրթության և հանրային ծառայության անցնելու հնարավորությունները առավել սերտ կապել՝ ստեղծելով Ոստիկանության և Փրկարար ծառայության համար նպատակային մասնագիտական կրթության և երկարաժամկետ կադրերի ձևավորման արդյունավետ ուղի։
Նախագծով նախատեսվում է ընդունելության առաջին փուլում 70 տեղ՝ տարկետման իրավունքով, հետագայում տեղերի թիվը կարող է ավելացվել կառավարության որոշմամբ։ Հիմնավորման համաձայն՝ մեկ սովորողի համար մեկ տարի վեց ամիս տևողությամբ միջին մասնագիտական կրթության համար անհրաժեշտ կլինի 4 մլն 333 հազար 320 դրամ։
Օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Նախագիծը հրապարակվել է սեպտեմբերի 18-ին, իսկ հանրային քննարկումը նախատեսված է մինչև հոկտեմբերի 3-ը։

