Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը քիչ առաջ հայտարարություն է տարածել այն մասին, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։
«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները՝ ուղղված եկեղեցականների նկատմամբ»,-նշվում է հայտարարության մեջ։
Փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել է բերման ենթարկված հոգևորականների անունները։
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, ՔԿ-ն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է: Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է»,-գրել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
« Բերման են ենթարկվել նաև հետևյալ քահանաները՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, տեր Հայկ, տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ, Տեր Հայկ Քոչարյան։ Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ»,-նշվում է Զոհրաբյանի գրառման մեջ։
Զոհրաբյանը նշել է, որ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Նշենք, որ ԶԼՄ-երը հայտնել են մի շարք հոգևորականների բերման ենթարկելու մասին։
«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից հայտնել են հետևյալը.
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշվում է ՔԿ-ի մամուլի քարտուղար՝ Կիմա Ավդալյանի պատասխան հաղորդագրության մեջ։

