Bloomberg․ Հայաստանը դառնում է ԱԲ նոր կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը շարժվում է դեպի այն, որ դառնա արհեստական բանականության ամերիկյան ենթակառուցվածքի համաշխարհային առաջատար կենտրոններից մեկը, գրում է Bloomberg–ն իր հոդվածում, որը նվիրված է ՀՀ–ում ԱԲ ինդուստրիայի սրընթաց զարգացմանը։
Ինչպես հաղորդում է Arka Telecom–ը, առանցքային նախագծերից է դարձել Firebird ամերիկյան ստարտափի տվյալների կենտրոնը, որը գործարկվել է օգոստոսին Հրազդանում։ 2027թ․–ի վերջին դրա հզորությունը նախատեսվում է ավելացնել՝ մինչև 300 ՄՎտ, Nvidia առաջատար չիպերի քանակը՝ մինչև ավելի քան 70 հազար։
Համալիրի հաշվողական հզորությունների մեկ հինգերորդ մասը ռեզերվացված է ներքին օգտագործման համար՝ տեղական հետազոտական նախագծերի, պետական կառույցների և ստարտափերի էկոհամակարգի, իսկ մնացած հզորությունները նախատեսված են արտասահմանյան ընկերությունների համար, այդ թվում՝ ամերիկյան, ինչպիսին է Perplexity AI-ն:
Firebird-ի գնահատմամբ՝ համալիրը կարող է դառնալ տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և խոշորագույններից մեկը Եվրոպայում:
Nvidia-ի հետ առաջին կոնտակտներից մինչև ԱԲ կենտրոն
Bloomberg-ը նշում է, որ Հայաստանի հարաբերությունները Nvidia-ի հետ սկսել են ակտիվորեն զարգանալ արհեստական բանականության ներկայիս բումից շատ ավելի առաջ: 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանտա Կլարայում գտնվող ընկերության գրասենյակ, 2022 թվականին Nvidia-ն ներկայացուցչություն է բացել Հայաստանում, իսկ մեկ տարի անց երկիր է այցելել ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը:
Firebird-ի CEO Ռազմիգ Հովագիմյանի խոսքով՝ Հուանգի այցելությունն օգնեց հիմք դնել ապագա նախագծի համար:
Nvidia-ում բարձր են գնահատում երկրի տեխնոլոգիական ներուժը:
«Հայաստանն ունի ակնառու տեխնիկական տաղանդներ և դինամիկ, աճող նորարարական էկոհամակարգ: Հենց այդ պատճառով մենք սկսել ենք ներդրումներ կատարել նրա ապագայում ներկայիս պահից շատ ավելի առաջ»,- Bloomberg-ին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
Չիպեր և դիվանագիտություն
Bloomberg-ն առանձին ուշադրություն է դարձնում ամերիկյան արտահանման թույլտվություններին: Գործակալության տվյալներով՝ Nvidia-ի առաջատար պրոցեսորների մատակարարումները կապված են եղել հայ-ադրբեջանական համաձայնությունների հասնելու Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերի հետ:
Ընդ որում, Firebird-ում հայտարարել են, որ ընկերությունը չիպեր գնելու թույլտվության համար դիմել է դեռևս 2025 թվականի սկզբին և տեղյակ չի եղել զուգահեռ ընթացող դիվանագիտական բանակցություններին:
Firebird-ն արդյունքում ստացել է Nvidia պրոցեսորների ավելի քան երկու անգամ ավելի մեծ քանակության մատակարարման թույլտվություններ, քան ԱՄՆ-ն լիցենզավորել էր սաուդյան Humain ընկերության համար՝ Ալ–Ռիադի հետ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո:
Bloomberg-ը հիշեցնում է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը, ով Երևան կատարած փետրվարյան այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ստանում է չիպեր, որոնք «պարզապես չկան երկրների մեծ մասում»:
Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սեփական խոշոր հաշվողական ենթակառուցվածքը, ինչպես նշում է Bloomberg-ի նյութից, հնարավորություն է ստեղծում նկատելի տեղ զբաղեցնել գլոբալ ԱԲ արդյունաբերության մեջ՝ հետազոտություններից ու տեխնոլոգիաների մշակումից մինչև միջազգային ընկերություններին հաշվողական հզորությունների տրամադրում:

