Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացին չորեքշաբթի կվերադառնա Ռուսաստան

30.08.2016, 12:02
Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում Երևանի դատարանը հրաժարվեց կալանավորել ԱՄՆ–ի հարցումով, օգոստոսի 31–ին կվերադառնա Ռուսաստան։
Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացին չորեքշաբթի կվերադառնա Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում Երևանի դատարանը հրաժարվեց կալանավորել ԱՄՆ–ի հարցումով, օգոստոսի 31–ին կվերադառնա Ռուսաստան։

«Այսօր նա դեռ Երևանում է, տոմսն օգոստոսի 31–ի համար է»,– երեքշաբթի Ինտերֆաքսին է հայտնել Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը։

Նա նաև ավելացրել է, որ այս պահին Միրոնովին Հայաստանի իրավապահ մարմինները չեն կանչել։ «Այսօր նա կգնա Ռուսաստանի դեսպանատուն, բայց դատախազություն նրան դեռևս չեն կանչել»,– ասել է փաստաբանը։

Նախօրեին Ներսիսյանն ասել է, որ Միրոնովը կարող է անարգել լքել Հայաստանը, քանի որ դատարանը նրան չի կալանավորել, և նա բացարձակ ազատ է։

Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։

Փաստաբանի խոսքով, Միրոնովը սովորական ծրագրավորող է և գաղտնի տեխնոլոգիաների հասանելիություն չունի։

Երկուշաբթի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժեց Միրոնովի կալանավորման մասին դատախազության միջնորդությունը և ազատեց նրան։ -0-