Հայաստանում հնարավոր կլինի անշարժ գույք գնել հեռահար կարգով

23.07.2026, 20:23
Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի հետ կապված գործարքների հեռահար ձևակերպման մեխանիզմ՝ առանց նոտար այցելելու և լիազորագիր ձևակերպելու
Հայաստանում հնարավոր կլինի անշարժ գույք գնել հեռահար կարգով

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի հետ կապված գործարքների հեռահար ձևակերպման մեխանիզմ՝ առանց նոտար այցելելու և լիազորագիր տալու։

Ինչպես կառավարության նիստում հայտարարեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, նոր կարգը կկիրառվի հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելիս և կտարածվի ինչպես կառուցապատման փուլում գտնվող, այնպես էլ արդեն շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի անշարժ գույքի վրա։

Դրա համար գերատեսչության էլեկտրոնային համակարգում կներդրվի հատուկ ձևանմուշ, որը գնորդին, կառուցապատողին և բանկին թույլ կտա պայմանագիրը կնքել ու վավերացնել թվային ձևաչափով։

«Պայմանագրի կնքումից հետո սեփականության իրավունքը կառուցապատողից կփոխանցվի գնորդին և կգրանցվի սահմանված կարգով։ Պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով՝ այժմ գնորդը պետք է կամ անձամբ դիմի Հայաստանում նոտարին, կամ լիազորագիր ձևակերպի։ Եթե փաստաթուղթը տրվում է արտերկրում, անհրաժեշտ է անցնել լրացուցիչ ընթացակարգեր, ինչը մեծացնում է գործարքի ժամկետները։

Նոր մեխանիզմով նախատեսվում է, որ բանկի կողմից փոխառուի ինքնության, նրա վճարունակության և այլ անհրաժեշտ տվյալների ստուգումից հետո գնորդի, կառուցապատողի և բանկի միջև եռակողմ պայմանագիրը հիմք կհանդիսանա սեփականության իրավունքի պետական գրանցման համար՝ առանց նոտարական վավերացման։

Այսպիսով, գնորդը կկարողանա հեռահար կարգով անշարժ գույք ձեռք բերել ինչպես կառուցապատման փուլում գտնվող բազմաբնակարան շենքում, այնպես էլ այն շենքում, որի շինարարությունն ավարտված է և այն հանձնված է շահագործման։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ նորամուծությունը նշանակալիորեն կպարզեցնի գործարքների ձևակերպման ընթացակարգը և թույլ կտա ավելի լայնորեն կիրառել թվային տեխնոլոգիաները անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ժամանակ։