Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Լեհաստանի Հանրապետության հետ փոխվստահության վրա խարսխված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնումը և խորացումը, ինչը ապագայում հնարավորություն կտա ռազմական համագործակցության ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ներառել հեռանկարային նոր ուղղություններ:
Համաձայնագրի ստորագրումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որիէ կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:
Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ:

