Հայաստանից ՌԴ ուղևորափոխադրումների կազմակերպման նոր կանոններ են սահմանվել

13.04.2017, 21:04
Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից:
Հայաստանից ՌԴ ուղևորափոխադրումների կազմակերպման նոր կանոններ են սահմանվել
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից, հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։

«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասաց գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։

Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում և, Արամ Արսենյանի խոսքով, դա կրելու է պարբերական բնույթ:

«Այն ընկերություններին, որոնք մինչև այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն»,- նշեց նախարարի տեղակալը:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնել է դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում:

Հայտարարվել է մրցույթ 12 երթուղիների համար, ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ: -0-