Հայ քաղաքագետին արգելել են մուտք գործել Ռուսաստան

01.09.2016, 12:59
Հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Հայ քաղաքագետին արգելել են մուտք գործել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, գրել է ինքը` Գրիգորյանը, Facebook–ի իր էջում։

Երբ նա օգոստոսի 30-ի առավոտյան 08։00-ին ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան 2014-ին հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի  գերեզմանին այցելելու  համար,  ռուս սահմանապահները նրան տեղեկացրել են, որ  նրա  մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ:

Որոշ ընթացակարգերից հետո Ստեփան Գրիգորյանը հետ է ուղարկվել Հայաստան իր հետադարձ ավիատոմսով:

Քաղաքագետն իր գրառման մեջ նշել է. «Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրացի քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։

Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում են, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությունների։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվ կերպով համագործակցում է եվրոպական տարբեր ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական հիմնադրամների հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին»։

Գրիգորյանն ընդգծել է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։ -0-