Հայ գիտնականները COVID-19- ի դեմ պայքարի նոր արդյունավետ միջոց են ստեղծել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Այս մասին հայտնում է ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է:
«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է: Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար: ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով: Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:-0-