Համացանցի օգտատերերին վրդովվեցրել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին ուղղված լրագրողի ոչ կոռեկտ հարցը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցի օգտատերերին վրդովվեցրել է նախօրեին Ծիծեռնակաբերդում ստեղծված տհաճ իրավիճակը՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի մասնակցությամբ։
Հուշահամալիր այցելած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին լրագրողներից մեկը ոչ կոռեկտ հարց է տալիս այն մասին, թե ինչու մտավորականությունը բողոքի ձայն չի բարձրացնում երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Ես այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ։ Ես չգիտեմ, թե ով ինչ է անում, բալիկ ջան, երաժիշտների նոր սերունդ կա, որոնց չեմ ճանաչում, որովհետև միայնակ եմ, կին չունեմ, երեխաներս այստեղ չեն։ Ահավասիկ, թե ինչու չգիտեմ՝ ինչ են անում մտավորականները»,- ասաց մաեստրոն։
Այս պատասխանը չբավարարեց լրագրողին, և նա կրկին հարց ուղղեց Մանսուրյանին՝ նշելով, թե իրեն մեղադրում են, որ չի խոսում։
«Պիտի մեղադրեն, այո։ Իրավունք ունեն, այո, ես չգիտեմ։ Եթե հնարավոր լիներ ուրիշ տեսակ ապրել, կապրեի։ Տնից շատ քիչ եմ դուրս գալիս և արդարանալ չեմ ուզում։ Ես իմ անելիքն անում եմ։ Շուտով 350 դպրոցական երեխա համերգ է տալու, որի ամբողջ երաժշտությունն իմն է, սա է իմ պատասխանը։ Լավագույնը, որ կարող էի անել, սա է», – ասաց Մանսուրյանը։
Տեսանյութը՝ 168.am–ի