Երևանում պետք է կրճատել առողջության համար վտանգավոր ավտոմեքենաների թիվը. Ավինյան

17.11.2026, 20:05
Կատալիզատորը հանված մեքենաներն ուղղակի վտանգ են հասարակության առողջության համար, ասել է Ավինյանը
Երևանում պետք է կրճատել առողջության համար վտանգավոր ավտոմեքենաների թիվը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում անհրաժեշտ է նվազեցնել ոչ թե բոլոր տեսակի ավտոմեքենաների քանակը, այլ առաջնահերթ ուշադրություն դարձնել այն տրանսպորտային միջոցներին, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կան մեքենաների շատ տարբեր տեսակներ։ Էլեկտրական մեքենաները առողջապահական խնդրի հետ որևէ առնչություն չունեն։ Իրենք NO2 չեն արտադրում և չեն արտանետում, իսկ էն մեքենաները, որոնց կատալիզատորը հանած է, որոնք ստանդարտներին համապատասխան չեն, այդ մեքենաներն ուղիղ մեր հասարակության առողջության վտանգ են, էլ չեմ ասում՝ էն սև ծուխ թողնող տարատեսակ տրանսպորտային միջոցները», – ասել է Ավինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանը չի սահմանափակում էլեկտրական մեքենաների օգտագործումը։ Ավելին՝ դրանց համար արտոնություններ են գործում կարմիր գծերով կայանատեղիներից օգտվելու հարցում։

Քաղաքապետի խոսքով՝ ավտոմեքենաների քանակը նվազեցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի երթևեկության խնդիրներով, սակայն կարևոր է հստակեցնել, թե հատկապես որ տրանսպորտային միջոցների թիվը պետք է կրճատվի։

«Այո, մենք ունենք ավտոմեքենաների քանակի խնդիր, և ավտոմեքենաների քանակը մենք պետք է նվազեցնենք, և մենք պետք է առաջնահերթություն տանք հանրային տրանսպորտին։ Հիմա պետք է հասկանանք՝ ինչ ավտոմեքենաներ մենք պետք է նվազեցնենք մեր փողոցներում։ Տրամաբանական չէ՞, որ այն ավտոմեքենաները պետք է նվազեցնենք, որոնք պոտենցիալ առողջությանը վտանգ են սպառնում», – նշել է Ավինյանը։

Նա նաև ընդգծել է, որ եվրոպական քաղաքներում բնապահպանական չափորոշիչները պատահական չեն ներդրվել․ դրանց հիմքում ավտոմեքենաների արտանետումների և առողջապահական խնդիրների միջև առկա կապն է։