Դերասան Սարգիս Գրիգորյանն ու բողոքի ակցիայի ևս 5 մասնակից կտուգանվեն 50 հազ. դրամով

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ ռեստորանների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները և ոլորտի այլ ներկայացուցիչներ այսօր առավոտյանհավաքվել էին կառավարության շենքի մոտ` դիմելով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, որպեսզի իրենց ևս ոթույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Ըստ տեղեկությունների, ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով: Այս հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:
Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, որոնց թվում է նաև դերասան Սարգիս Գրիգորյանը և Արմեն Միրզոյանը:
Ինչպես նշել է ցույցի ընթացքում դերասան Սարգիս Գրիգորյանի կինը` Մանո Գրիգորյանը, երբ դուրս ես գալիս ու տեսնում ես, որ հիմնական բոլոր օղակներն աշխատում են, չես կարող հասկանալ, թե ինչու մոտավորապես մարտ ամսից աշխատանքի մեջ չես։-0-