Ադրբեջանցի զինծառայողը լքել է ծառայության վայրը և Սյունիքում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ

01.10.2026, 17:03
Սյունիքում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին
Ադրբեջանցի զինծառայողը լքել է ծառայության վայրը և Սյունիքում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։