Երևանն ազդակներ է տալիս. քաղաքագետը` «նշաձողը» չիջեցնելու պատրաստակամության և հայկական օրակարգը պաշտպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների մղվող այսօրվա պայքարի դրվագները Երևանում ցույց տվեցին, որ չնայած մեր ազգի դեմ կիրառվող պարբերական թշնամական քարոզչությանը և մանիապուլյացիաներին, մեզանում կան բավական մեծաքանակ մարդիկ, որոնց համար անանց արժեքներ են Հայաստանն ու Արցախը։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Սա արդեն իսկ լուրջ ձեռբերում է նաև մեր պատիվն ու արժանապատվությւոնը վերականգնելու ճանապարհին, քանզի այս ազդակները հասնում են ոչ միայն Հայաստանում այսօր իրեն իշխանություն համարող վարչախմբին, այլ նաև հենց այն «միջազգային հանրությանը», որը հորդորում է իբր ինչ-որ «նշաձող» իջեցնել, կամ, այլ խոսքերով, հանձնվել թշնամու ողորմածությանը», – գրել է նա։
Ոստկանյանն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող որևէ «նշաձող» իջեցնել, որովհետև դա, ի վերջո, բերելու է մեր պետականության և ազգի կործանմանը։
«Ուստի չափազանց կարևոր է, որ այդ ազդակը տրվում է հենց մայրաքաղաքում՝ նաև համայն աշխարհին ի ցույց դնելով, որ կա ոչ միայն պաշտոնական, այլ նաև համազգային Երևան, հենց որն էլ այսօր պատրաստվում է պաշտպանել հայկական օրակարգը, ոչ թե իջեցնելով «նշաձողը», այլ ամենուր պարզելով սրբազան եռագույնները», – հայտարարել է նա։–0–