Վտանգն ակնհայտ է․ համացանցում քննարկվում է Երևանում օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակը (ՖՈՏՈ)

09.12.2024, 17:38
Սոցցանցերում արդեն երրորդ օրն անընդմեջ չի հանդարտվում դժգոհությունների ալիքը Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով․ ՖՈՏՈ
Վտանգն ակնհայտ է․ համացանցում քննարկվում է Երևանում օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցցանցերի հայկական տիրույթում արդեն երրորդ օրն անընդմեջ չի հանդարտվում դժգոհությունների ալիքը Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով։

Այսպես, AQI օդի որակի առցանց ցուցիչի համաձայն, այսօր Երևանում PM2.5 վնասակար մասնիկների կոնցենտրացիան չափազանց բարձր է, մասնավորապես, Պարոնյան փողոցի, «Ռիո Մոլի», Հալաբյանի փողոցի, Սիրահարների այգու, Կոմիտասի պողոտայի մոտ տեղադրված սարքերը ցույց են տալիս «very unhealthy» (չափազանց անառողջ) մակարդակ՝ 200 կետից ավել (սքրինշոթ)։

000000000000000.jpg

Երևանի քաղաքապետարանի թեմատիկ հարթակի տվյալները, որոնք առցանց ֆիքսում են 147 սարքերի տեղեկատվությունը, ևս լավատեսություն չեն ներշնչում (սքրինշոթը՝ ստորև)։ Այսպես, PM2.5 միջին ցուցանիշը 199.2 է, իսկ որոշ շրջաններում գերազանցում է «չափազանց անառողջ» կետը՝210-220, օրինակ Դավթաշենում, Աջափնյակում, Մալաթիա–Սեբաստիայում, Նորք Մարաշում և այլ վարչական շրջաններում։

11111.jpg

Նշենք, որ երևանցիներն ամիսներ շարունակ բողոքում են տարբեր շրջաններում առկա ծխից և ծխահոտից, որոնք դարձել են ավելի ուժեղ ձմռան առաջին օրերին, քանի որ մեծ թվով մարդիկ իրենց տները ջեռուցում են փայտե վառարաններով, ինչը նպաստում է օդի ավելի մեծ աղտոտմանը։

Քաղաքապետի կարծիքը

Միաժամանակ մի քանի շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լեգենդ է անվանել խոսակցություններն այն մասին, որ «Երևանում օդի որակը շատ վատն է, և այն շատ փոշոտ է»։ Նա հայտարարել է, որ քաղաքում օդի որակը նորմայի սահմաններում է և չի համաձայնվել այն տարածված կարծիքի հետ, որ քաղաքում վատ էկոլոգիա է, իսկ փոշոտվածության մակարդակը գերազանցում է նորման։