Վաղը կունենանք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անունները. Սաղաթելյանը՝ կարևոր հանգրվանին մոտենալու մասին

02.06.2022, 12:56
Դիմադրության շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի. Սաղաթելյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ
Վաղը կունենանք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անունները. Սաղաթելյանը՝ կարևոր հանգրվանին մոտենալու մասին
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Դիմադրության շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի, հայտնել է շարժման առաջնորդ , ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա գրառում է կատարել Facebook-յան իր էջում:

«Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային և պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյան կարմիր գծեր սահմանելը և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։ Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։

Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:

Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։

Հունիսի 3-ին ՝ ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։

Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում», - գրել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 3–ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որտեղ ներկայացնելու են ընդդիմության հայտարարությունը, որի համաձայն, Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման և միջազգային ճանաչման իրավունքի լիարժեք կատարմանը։ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցությունը հրաժարվել է մասնակցել ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որը նվիրված է հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններին։–0–