«Տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հնարավորություն».Փաշինյանը` Էրդողանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած կառավարության նիստում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։
Փաշինյանի խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։
«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ այս գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։
«Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։ Իսկ Չինաստանի ու Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասաց նա։
Վարչապետը նաև նշեց, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը Հայաստանի կառավարության երկարատև ռազմավարությունն է։
«Եվ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում։ Եվ ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ հաշտեցուցիչ հայտարարությունների ֆոնին։–0–