Սահմանվել է ՍՇՎ–ի նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ մանկապարտեզներում և ուսումնական հաստատություններում

06.02.2025, 13:24
Տեսչական մարմինը սահմանել է ՍՇՎ–ի նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ մանկապարտեզներում և ուսումնական հաստատություններում
 Սահմանվել է ՍՇՎ–ի նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ մանկապարտեզներում և ուսումնական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սահմանել է ՍՇՎ–ի նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ մանկապարտեզներում և ուսումնական հաստատություններում։

Տեսչական մարմինն իրազեկում է․ գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված, հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով` նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանները։ 

Մասնավորապես՝

  • Նախադպրոցական ուսումնական հաստատություններին.
  • Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին,
  • Իրականացնել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը,
  • Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել,
  • Ամեն օր օդափոխել տարածքը, խմբերում օդափոխությունը կատարել միայն երեխաների բացակայության ժամանակ,
  • Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով,
  • Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները,
  • Պահպանել խմբային մեկուսացումը, սահմանափակել երեխաների միջխմբային շփումները,
  • Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ,
  • Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով: 

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին.

  • Սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում հաստատությունում ապահովել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը միջին բուժաշխատողի կողմից,
  • Հայտնաբերված հիվանդ երեխաներին և ուսուցչական անձնակազմին անմիջապես տեղափոխել բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել երեխայի ծնողին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ երեխային տուն ուղեկցելու համար,
  • Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխել դասամիջոցներին, իսկ դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարել սենքերի միջանցիկ օդափոխություն,
  • Հաստատության սենքերում ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանները,
  • Կատարել սենքերի ամենօրյա խոնավ մաքրում, առնվազն օրը երկու անգամ։