Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

29.01.2025, 21:33
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը հայտնել է, որ փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն
Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն:

Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, news.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:

Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելու են, Գալջյանը փակագծեր չի բացել. «Կհայտարարվի այդ մասին»:

Նշենք, որ հունվարի 28–ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փետրվարի 1-ից որոշվել է ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025թ․–ի ընթացքում։ Նա նշել է, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։ Բացի այդ, մեկ ամսով կերկարաձգվեն հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

Բոյկոտի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։