Փաշինյանը նշել է երկու կանոն, որոնք կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը (ՎԻԴԵՈ)
21:12
24 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է մասնագետների ուսումնասիրությունը դիմակ կրելու օգուտի մասին և խոսել նոր սահմանափակումներից։
«Մեր մասնագետները կատարել են ուսումնասիրություն, և այն ցույց է տալիս, որ դիմակ կրելը կարող է հանգեցնել կորոնավիրուսի դեպքերի նվազման։ Դա կախված է դիմակի և այն կրելու որակից։ Եթե դիմակի արդյունավետությունը 40% է, սակայն այն կրելու որակը 100% է, ապա մենք կարող ենք զրոյի հավասարեցնել նոր դեպքերը», – ասաց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ պարետատունն ընդունել է որոշումներ, որոնցից առաջինը վերաբերում է նրան, որ առևտրի ոլորտի բոլոր աշխատողները պետք է լինեն դիմակով` և′ վաճառողները, և′ գնորդները։
Загружается новость ... "Лево"
«Երկրորդը, բոլոր մեքենաները դիտարկվում են որպես փակ տարածք։ Մեքենաներում և ցանկացած տրանսպորտային միջոցում բոլորը պետք է լինեն դիմակով այն դեպքում, երբ մեքենայում կա մեկից ավելի մարդ։ Կիրառվելու են խստագույն վարչական միջոցներ։ Այս կանոններին հետևելու և ձեռքերը լվանալու դեպքում մենք կհաղթահարենք կորոնավիրուսը», – ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է դիմակների գներին, ապա վարչապետը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում։
«Սակայն մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված դիմակները կօգնեն։ Կան նաև կարևոր վարքագծային կանոններ։ Երբ մենք ծանոթ ենք հանդիպում փողոցում, մենք չպետք է շփվենք առանց դիմակ կամ պետք է պահպանենք 1,5 մետր հեռավորություն», – ասաց Փաշինյանը։
Նա կարծում է, որ պետք է ավելանա անձնական պատասխանատվությունը։ Խախտողները խստագույնս պատժվելու են։
«Դա արվում է ձեր և ձեր մտերիմների համար։ Ես հավատում եմ ձեզ», – ասաց Փաշինյանը։–0–