Օրենքով գող Արսեն Երևանսկին առողջական լուրջ խնդիրներ ունի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օրենքով գող» Արսեն Երևանսկու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, գրում է «Ժողովուրդը»:
Ինչպես «Ժողովրդի» հետ զրույցում հայտնել է Արսեն Երևնսկու պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, առաջին կարգի հաշմանդամ է, և առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում:
Նշենք, որ «օրենքով գողին» պահում են «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում»:
Ըստ պաշտպանի՝ նրա առողջականի մասով միջնորդություններ են նախապատրաստվում, որոնց մասին կներկայացնեն մի փոքր ուշ:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:
Ինչպես նշում է օրաթերթը, վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
«Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին», – նշում են հոդվածի հեղինակները։–0–

