ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հայտարաել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Տևական խաղաղության հասնելու մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը: Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը», – նշել է վարչապետը։
Նա ավելացրել է, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը:
«Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը», – ասել է Փաշինյանն` ավելացնելով, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով:
«Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը», – ասել է Փաշինյանը։–0–