ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նկատվում է աղիքային վարակների ակտիվացում, ինչը բնորոշ է սեզոնին:
Ինչպես նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, անհանգստանալու կարիք չկա, բռնկումներ, արտառոց իրավիճակ չկա, հաղորդում է
«Արմենպրեսը»:
«Բնակչությունը մտահոգված է աղիքային վարակներով: Ասեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է: Այսպիսի ակտիվացումը բնորոշ է սեզոնին: Դա հիմնականում պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա», - ասաց Սահակյանը:
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք դա կապ ունի խմելու ջրի հետ, Սահակյանը նշեց, որ իրենք կատարել են որոշակի կետերում մոնիթորինգ և չունեն ջրի որակական որևէ փոփոխություն:–0–