ՀՐԱՏԱՊ .ՍԴ–ի հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին

09.02.2020, 20:32
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը
ՀՐԱՏԱՊ .ՍԴ–ի հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։ Այս մասին նշվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», – նշվում է ՀՀ նախագահի  հրամանագրում։

Փետրվարի 6-ին ԱԺ պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով լուծել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: Եթե հանրաքվեի ժամանակ բնակչությունը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, ապա ինը դատավորներից յոթի լիազորությունները կդադարեցվեն: Այսպիսով, Սահմանադրական դատարանը դե ֆակտո կդադարի իր գործունեությունը, քանի որ որակավորված մեծամասնություն չի ապահովվի:

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծը նախօրեին ուղարկել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ։ Ավելի քան 100 իրավաբաններ դիմել էին երկրի նախագահին` հորդորելով չստորագրել նախագիծը ու նշելով, որ այն հակասահմանադրական է։ ԶԼՄ–ներում և սոցցանցերում ևս հնչում են քննադատություններ այս որոշման կապակցությամբ։ 

ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ` ներկայացնելով պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ 

Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

«Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով», – նշվում է հայտարարության մեջ: 

Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: 

«Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», – նշել են ՀՀ նախագահի աշխատակազմից։–0–