ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

26.02.2021, 14:03
ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

«Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–