Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. հայտարարություն

24.03.2022, 17:20
Մայր Աթոռից հայտնել են, որ եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը
Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս, տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հայտարարությամբ։

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը:

Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», - նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հունվարին ԲՀԿ առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։-0-